ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պատմական օրինաչափության սկզբունքով

Պատմական օրինաչափության սկզբունքով
28.11.2008 | 00:00

ՏԵՍԱԿԵՏ
ՌԴ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինն իր վարած քաղաքականությամբ աշխարհին ապացուցեց, որ վայրի լիբերալիզմի աջ գաղափարներն ամբողջությամբ մերժված են Ռուսաստանի կողմից։ Իսկ բարձրագույն իշխանություն անցած կուսակցություններն իրենց գաղափարախոսության մեջ է՛լ ավելի մեծ հակումներ դրսևորեցին դեպի ռուսական տերունականություն և այդ ընկալումով էլ ազդեցություն ունեցան աշխարհաքաղաքական գործընթացների վրա։
Վլադիմիր Պուտինը բազմիցս փաստեց աշխարհի հզորագույններին իր պրագմատիկ և տարբեր իրավիճակներում սթափ գնահատականներ տալու բացառիկ ունակությունները, ինչը Ռուսաստանի համար չափազանց բարենպաստ պայմաններ ստեղծեց աշխարհաքաղաքական գործընթացներում։ Արտաքին քաղաքականությանն առնչվող փաստաթղթերը, հատկապես արտաքին քաղաքականության հայեցակարգն ու ՌԴ ռազմական դոկտրինը ստորագրելով, նա հիմք դրեց ակտիվ միջոցների ձեռնարկմանը՝ ուղղված Ռուսաստանի շահերի պաշտպանության ոլորտում կարողությունների վերաիմաստավորմանը, չանտեսելով հարևան տարածաշրջաններում և հատկապես Անդրկովկասում Ռուսաստանի առկա շահերը։
Դեռևս 1995-ին ՌԴ ՊՆ գլխավոր շտաբը պատրաստել էր երկրի ռազմական դոկտրինի մի նախագիծ։ Բարձրագույն իշխանության հավանությանն արժանացած այս գաղտնի փաստաթղթում ընդգծվում էր հատկապես դիմագրավումն Արևմուտքի ոտնձգություններին բոլոր այն ուղղություններով, որտեղ հնարավոր կլիներ դա իրականացնել։ Արդեն իսկ ծրագրավորվել էր իրականացնել միջուկային զենքերի տեղաբաշխումը հետևյալ կերպ. արևմուտքում՝ Լեհաստանի սահման և Բալթիկ ծովի շրջակայք, հյուսիսում՝ Նորվեգիա և Բարենցի ծով, հարավում՝ Սև ծովի, Ղրիմի, Աբխազիայի, Վրաստանի և Հայաստանի ռուսաստանյան ռազմական բազաներ։ Այսօր իսկ ռուսական քաղաքականության մեջ այլևս առկա են դարձել Հյուսիսային և Արևմտյան Ղազախստանը, Ադրբեջանը՝ ներառյալ առափնյա Կասպից ծովի շելֆը, ՈՒկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, Ղրիմը և Նովոռոսիան՝ Օդեսայի հետ միասին, Բալթյան նավահանգիստներից օգտվելու առաջնությունը, էթնոպետական կղզյակների ստեղծումը Թուրքիայում, ռուսական շահերի պաշտպանությունը Կովկասում, Իրանում, Կորեական թերակղզում և այլն։ Ռուսաստանն արտաքին քաղաքականության մեջ այլևս զիջելու մտադրություն չունի և պատրաստ է անգամ առճակատման ու երբևիցե չի հանձնելու սեփական դիրքերը ոչ Անդրկովկասում, ոչ Միջին Ասիայում։
Մինչդեռ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ստեղծած «ԱՄՆ-ի զինված ուժերի զարգացման հեռանկար» փաստաթղթում կենսական շահերի գոտի հայտարարված տարածաշրջաններում նույնպես իր տեղն է զբաղեցրել Անդրկովկասը։ «Միացյալ Նահանգների՝ իբրև մեծ տերության կենսական շահերը տարածվում են աշխարհի, առանց բացառության, բոլոր տարածաշրջանների վրա» հայտարարած պաշտոնական Վաշինգտոնն ակտիվ աշխատանքներ էր տանում ինչպես Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, այնպես էլ Հայաստանի հետ, և խոստումներ են տրվում ԱՄՆ-ի շռայլ ֆինանսական օգնության մասին։ Սակայն ԱՄՆ-ի գործողությունները Պարսից ծոցում, Բալկաններում անվերապահորեն անընդունելի են ՌԴ-ի կողմից, ինչպես նաև մերժելի են ԱՄՆ-ի մոտեցումները կովկասյան տարածաշրջանում։ Վաշինգտոնը գիտակցում է, որ ՌԴ ազգային շահերի պաշտպանության համար հատուկ իրավիճակներում միջուկային զենքի կանխարգելիչ ռեժիմով Ռուսաստանի կիրառած վտանգը կարող է դառնալ ԱՄՆ-ի համար ճակատագրական իրողություն։ Միևնույն ժամանակ նրանք հասկանում էին, որ առանց հակագործողության որևէ գործողություն առաջընթաց չի ապրում։
Այսպես եղավ հենց ռուս-վրացական ռազմական պարտադրված հակամարտությունը, որն ավելի էմոցիոնալ, քան ստրատեգիական ու քաղաքական նշանակություն ունեցավ Ռուսաստանի համար, սակայն դրանով իսկ ապահովեց ԱՄՆ-ի փաստարկները սևծովյան-կովկասյան տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ապահովելու և հիմնավորելու մինչ այդ որևէ ձևաչափի մեջ չտեղավորվող կարևորագույն խնդիրը։ Ռուսական զինված ուժերի ռազմատակտիկական հաղթանակի կարծեցյալ քաղաքական ձեռքբերումները, որոնք Ռուսաստանի կողմից նշանավորվում են իբրև Հարավային Կովկասում նոր դիրքերի ձեռքբերում, ոչ միայն մեծ ոգևորություն առաջացրին նախագահ Մեդվեդևի շրջապատում, այլև այդ ձեռքբերումները վերածեցին կարևորագույն գործոնի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առումով։ Եվ հենց սրանով էր պայմանավորված Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը։ Հակառակ այն հանգամանքին, որ ղարաբաղյան կողմը չի մասնակցել հռչակագրի ստորագրմանը, այնուամենայնիվ, այն ընդամենը հռչակագիր է և ոչ ավելի։ Սակայն այս փաստն իսկ խոսում է այն հանգամանքի մասին, որ Ռուսաստանը դեռ փորձելու է աշխարհին ցույց տալ «Միջազգային իրավունքի» շրջանակներից բխող ղարաբաղյան խնդրի լուծման նոր ձևաչափերի ստեղծման և դրանց իրագործման իր կարողությունը։ Հռչակագիրը, որպես կատարված փաստ, սկիզբն է բավականաչափ արագ իրականացվող մի նոր գործընթացի, ուր պաշտպանվելու են ոչ թե Ռուսաստանի մինչ այժմ ստրատեգիական գործընկեր համարվող Հայաստանի ազգային շահերը, այլև այն պայմանավորված է Թուրքիայի հետ նոր հարաբերությունների հաստատման կարևորագույն խնդրով։ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ դաշնությունն ուղղված է սևծովյան ավազանում ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությունն ընդլայնելու ցանկության դեմ, թեկուզ և դա տեղի ունենա հայկական տարածքների հանձնման գնով։ Սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանում բավական լավ են հասկանում, որ ղարաբաղյան հիմնախնդրի ցանկացած լուծում, անկախ ընդունված հռչակագրից, հղի է տարածաշրջանում նոր պատերազմի վերսկսումով։ Մինչդեռ դրանով Ռուսաստանը լուրջ կերպով վտանգում է ոչ միայն ստրատեգիական գործընկերոջ, այլև հայ ժողովրդի հետ ունեցած դարավոր բարեկամությունը։
1994-ի հայ-ադրբեջանական զինադադարից հետո երկար ժամանակ Ռուսաստանը նախընտրում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը փնտրել տարածքային ամբողջականության անխախտելիության շրջանակներում և Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանի հսկողությանը` որպես հիմնախնդրի միակ լուծման տարբերակ։ Սակայն քիչ ավելի ուշ Ռուսաստանը, ելնելով իր իսկ շահերի տեսանկյունից, նախընտրեց ղարաբաղյան հիմնախնդրի «սառեցման» տարբերակը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության գաղափարի արմատներն առկա էին միայն ունիվերսալ ռուսական պետության համադրույթում։ Սակայն ունիվերսալ պետության վերստեղծումն այլևս անհնարին է թե՛ ռազմաքաղաքական, թե՛ գաղափարական և թե՛ տնտեսական բազում պատճառներով։ Ռուսաստանն զբաղված է իր առջև ծառացած խնդիրների լուծումով, սակայն ոչ երբեք ունիվերսալ պետության վերստեղծումով։
Նույն ձևով 1999 թվականի երկրորդ կեսին ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի ղեկավարած ադմինիստրացիան պատրաստում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի նոր ծրագիր։ Ադմինիստրացիան գրեթե համոզված էր, որ այդ ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է ԵԱՀԿ-ի գործունեության չափորոշիչներին և կօժանդակի ղարաբաղյան հիմնախնդրի արագ կարգավորմանը։ Այս առումով ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության քաղաքական բաժիններն իրականացնելու էին աշխատանքային խմբի ծրագրավորած միջոցառումներ։ Սակայն անկանխատեսելիորեն ստեղծված և դեռ նախադեպը չունեցած քաղաքական իրավիճակի բարդացումը ստիպեց նրանց դադարեցնել աշխատանքային խմբի բոլոր միջոցառումները։
Ռուս-վրացական զինված հակամարտության արդյունքում ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակը Հայաստանի առջև դրեց միանգամայն նոր խնդիր՝ ստեղծել ներքին և արտաքին պետական քաղաքականության մեջ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու պահանջ և ժամանակին համահունչ բարենպաստ գործունեության պայմաններ։ Դա այդքան էլ հեշտ խնդիր չէ, եթե անգամ հաշվի չառնենք մինչ այդ իշխանության որդեգրած քաղաքականությունն արցախյան հիմնախնդրի լուծման առումով, ինչպես նաև երկրի ներսում ստեղծված հեղափոխական տրամադրություններն ու տնտեսական ճգնաժամի մոտալուտ սկիզբը, կրթության, գիտության և մշակույթի անդառնալի կորուստների վտանգը։
Եթե մինչ այդ քաղաքական որոշ ուժեր, և հատկապես իշխանական կոալիցիան ու կուսակցությունները, առաջացած խնդիրների լուծումը տանում էին պահեստային տարբերակների առկայության պարագայում, ոչ լրջորեն և միայն ամբիոնների մոտ կանգնած, ապա այսօր նրանցից կպահանջվեն ավելի լուրջ մոտեցումներ և, մշակված նոր տեխնոլոգիա իրագործելու առումով պիտի ընդունեն Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի սկզբունքային դիրքորոշման որդեգրումը։
Հակառակ պարագայում եվրասիական քաղաքականությունից դուրս շպրտված Հայաստանում հակաթրքությանը նորից կգան փոխարինելու հակառուսականությունն ու ցարին գահընկեց անելու անգլոմասոնական վարչապետարանի պատվերը՝ դրանով իսկ համաշխարհային իրականության մեջ արձանագրելով ևս մեկ պատմական օրինաչափություն։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
Նախկին մահապատժի դատապարտված
10 նոյեմբերի, 2008 թ.

Դիտվել է՝ 4042

Մեկնաբանություններ